Ճեմարանի սաները «Լուսավոր սահման» նախագծի երկրորդ փուլին

high.shirakatsy.am -ի անդրադարձը «Լուսավոր սահման» նախագծին: Մայիսի 5-ին Ճեմարանի սաները մասնակցեցին Հայկական էներգետիկայի գործակալության կազմակերպած «Լուսավոր սահման» նախագծի երկրորդ փուլին՝ այցելելով Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի և Բերդավան համայնքները։ Այցելության նպատակն էր «Լեդ» տեսակի  լամպեր նվիրել համայնքների բնակիչներին, իրազեկել դրանց խնայողության մասին, շփվել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, տեսնել գյուղական կյանքը՝ իր դժվարություններով և հետաքրքրություններով։

Տեսական դասընթացներ անցած սաները, զինված համապատասխան գիտելիքներով, մեծ ոգևորությամբ էին կատարում կամավորական աշխատանքը, դրսևորելով թե՛ հաղորդակցման, թե՛ ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման, թե՛ սոցիալական հմտությունները։ Սաները, ինչպես նշեցին օրվա վերջում,  կատարեցին մի շարք բացահայտումներ գյուղի և այնտեղ ապրող մարդկանց մասին, գնահատեցին սահմանամերձ համայնքներում ապրելու դժվարությունները և կարևորությունը, հանդիպեցին խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին, նրանից լսեցին համայնքում առկա տնտեսական, ռազմավարական  խնդիրների մասին և հասկացան, որ սահմանին ապրելն ու արարելը ամենօրյա հերոսություն է և հայրենիքի հանդեպ սիրո ու պատասխանատվության լավագույն օրինակ։ Այս նախագծի ոչ պակաս կարևոր ձեռքբերումներից մեկն էլ  այն էր, որ նույն նպատակով հավաքվել էին ամենատարբեր տարիքի ու նախասիրությունների մարդիկ, որոնց միավորել էր բարի գործ կատարելու պատրաստակամությունը, նոր մարդկանց հետ շփվելու, նոր բան սովորելու ձգտումը։

Վստահաբար կարելի է ասել, որ այս նախագծի շրջանակում կամավորները, հաճելին համատեղելով օգտակարի հետ, կարողացան նոր կենսափոձով հարստացնել իրենց նախնական գիտելիքները։

Please share: