Տավուշում Բանակի օրը վերածեց կրկնակի տոնի

B24.am

Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն և Այգեպար համայնքներում Հայոց բանակի կազմավորման օրը նշանավորվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ: «Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր բարեգործական առաքելության հերթական թիրախ էր ընտրել հենց նշված համայնքները: Նախաձեռնության ներկայացուցիչները` մոտ 40 կամավոր-աջակիցների հետ միասին, ս.թ. հունվարի 28-ին այցելեցին սահմանամերձ այս համայնքներ` էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերի հերթական խմբաքանակը տրամադրելու ընդհանուր թվով մոտ 390 ընտանիքի:

Հատկանշական է, որ գնալով ընդլայնվում է նախաձեռնության համակիրների բանակը: Տավուշ այցելած խմբին էին միացել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի գերմանացի փորձագետը, ով նախագծին ծանոթացել էր Երևանում վերջին օրերին անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի շրջանակում և մեծ ոգևորությամբ պատրաստակամություն հայտնել միանալ խմբին, ինչպես նաև ամերիկահայ կին, ով ներկայում հաստատվել է Իջևանում և բարեգործական գործունեություն է ծավալում Տավուշի սահմանամերձ համայնքներում:

«Լուսավոր սահման»-ի ներկայացուցիչները նախ հանդիպում ունեցան վերոնշյալ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, նրանց ներկայացրին նախաձեռնության նպատակները և խնդիրները, ինչպես նաև բացատրեցին էներգախնայող լամպեր օգտագործելու առավելություններն ու օգուտները:

Բնակիչները մեծ ոգևորությամբ և երախտագիտությամբ ընդունեցին նման կարևոր առաքելության հանգրվանն իրենց համայնքներում` նշելով, որ իրենց համար ցանկացած խնայողություն մեծ նշանակություն ունի:

«Լուսավոր սահման» նախաձեռնության կազմակերպիչներից Հայկ Շեկյանի խոսքով` պատահական չէ, որ սահմանամերձ համայնքներ այցելության համար ընտրվել է հենց Հայոց բանակի տարեդարձի օրը: «Հայոց բանակն ուժեղ է նաև սահմանը պահող ժողովրդի օգնությամբ: Մենք պետք է այնպիսի հնարավորություններ ստեղծենք սահմանամերձ համայնքների բնակիչների համար, որպեսզի կանխենք արտագաղթը: Իսկ այս նախաձեռնությունը զգալի ներդրում կարող է ունենալ այդ գործում»,- նշեց Հայկ Շեկյանը:

Հավելենք, որ մինչ այժմ «Լուսավոր սահման» նախաձեռնության շրջանակում էներգախնայող լամպերով ապահովվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Դովեղ, Ոսկեպար, Բերքաբեր համայնքների ընդհանուր թվով 784 ընտանիք:

«Լուսավոր սահման» բարեգործական նախագծի նպատակն է լուսադիոդային լամպեր նվիրաբերել Հայաստանի և Արցախի բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչներին` ստեղծելով նրանց համար երկարաժամկետ տնտեսման միջոց և նպաստելով ողջ երկրում ավելի արդյունավետ ու որակյալ լուսադիոդային (LED) լամպերի տարածմանը: Անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները նախատեսվում է հավաքագրել բարեգործական դրամահավաքի միջոցով: Նախաձեռնության բոլոր մանրամասները հասանելի են www.ledify.am կայքում և «Լուսավոր սահման-Bright Border» ֆեյսբուքյան էջում:

Please share: