«Լուսավոր Սահման»-ի հերթական այցը Տավուշի մարզ


Ապրիլի 8-ին հերթական անգամ «Լուսավոր Սահման» կամավորական նախաձեռնությունը այցելեց Տավուշի մարզ՝ այս անգամ լուսավորելու սահմանամերձ Բարեկամավան և Կիրանց գյուղերը, տեղեկացնում են նախաձեռնության լրատվական բաժնից:

Այցի նպատակը վերոնշյալ սահմանամերձ գյուղերի բնակիչների տներում էներգախնայող-էներգաարդյունավետ լամպերի տեղադրումն էր: Ինչպես նախորդ այցելությունների ընթացքում, այս անգամ ևս նախաձեռնության անդամները կամավորների հետ միասին հանդիպեցին համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվեցին 5-ական լուսադիոդային (LED)  լամպեր՝ հետագայում նրանց տներում տեղադրելու նպատակով:

«Սահմանամերձ համայնքներին ընձեռվող նման ուշադրությունը շատ գովելի է: Այսպիսով դուք ոչ միայն աջակցություն եք ցուցաբերում գյուղացիներին կենցաղային հոգսերը թեթևացնելու հարցում, այլև ցույց տալիս, որ այս փոքրիկ գյուղի բնակիչների կողքին եք», — նշեց Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը 

Իսկ Բարեկամավան համայնքում նախաձեռնության անդամներին մեծ ուրախությամբ դիմավորեց ոչ միայն համայնքի ղեկավարությունը, այլ նաև դպրոցական երեխաները, ովքեր ամբողջ այցի ընթացքում ուղեկցում էին նրանց և կամավորներին:

«Լուսավոր Սահման»-ն արդեն լուսադիոդացրել է Հայաստանի և Արցախի սահմանամերձ տասը գյուղերի տներ: Կամավորական նախաձեռնության նպատակն է սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները և սովորեցնել բնակիչներին խնայողության խելացի միջոցների մասին:

Նախաձեռնության մեկնարկը տրվել է 2016թ. նոյեմբեր ամսին: Այն կյանքի է կոչվել մի խումբ բարերարների ուղղակի և անուղղակի ներդրումներով: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21մլն. 200 հազար ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 9200 LED լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ:
Aysor.am
Araratnews.am
Usarmenianews.com

Please share: