«Լուսավոր սահման»-ը լույս և հույս է տալիս սահմանամերձ համայնքներին

haymedia

«Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնության շրջանակում Հայաստանի, Արցախի 8 գյուղի բնակիչների տներն արդեն լուսավորվել են LED էներգախնայող լամպերով: Բնակիչներին տրամադրվել է 8 հազար լուսադիոդային լամպ: Հրավիրված ասուլիսում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ կամավորական նախաձեռնության նպատակն է թեթևացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսը` փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման ամենամյա վճարները և ներկայացնել բնակիչներին խնայողության խելացի միջոցները:

«Մենք հաշվարկեցինք, որ գյուղական համայնքներում լուսադիոդային լամպեր տեղադրելով՝ կարող ենք ստանալ էական խնայողություն: Երբ իմ բնակարանում տեղադրեցի լուսադիոդային լամպեր, տեսա, որ էներգիայի ծախսը 30-40 տոկոսով նվազեց: Ծրագիրը Կառավարություն ներկայացվեց դեռ 2015 թվականին, որոշվեց պիլոտային ծրագրեր իրականացնել: Խնդիր էր դրված, որ մաքսիմալ ներգրավվածություն ունենա հասարակական հատվածը»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Պիլոտային ծրագիրն իրականացվեց Արցախի Աստղաշեն գյուղում, ամբողջ գյուղի բնակիչներին տրամադրվեցին լուսադիոդային լամպեր: Հաշվարկները ցույց տվեցին, որ 30-40 տոկոս էլեկտրախնայողություն է եղել: Առաջին դրական ազդակները հիմք հանդիսացան գործընթացը շարունակելու` այցելելով այլ գյուղական վայրեր:

«Գործընթացը ձնագնդի էֆեկտ է առաջացրել: Մինչ այսօր հավաքագրվել է 21 մլն դրամ, ամեն երկու շաբաթը մեկ նախատեսվում է այցելություն որևէ սահմանամերձ համայնք և լուսադիոդային լամպերի տրամադրում: Մեր նպատակը Հայաստանի 36 սահմանամերձ գյուղերին, ինչպես նաև Արցախի բոլոր գյուղական համայնքներին լուսադիոդային լամպերի տրամադրումն է»,-ասաց փոխնախարարը:

«Շտիգեն» ընկերության տնօրեն, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հայկ Շեկյանը, կարևորելով այս նախաձեռնությունը, նշեց, որ տեխնիկական հարցերից բացի, այս այցելությունները մեծ նշանակություն ունեն գյուղական համայնքների համար՝ ուշադրության կենտրոնում լինելու տեսանկյունից:

«Մեր վերջին այցելությունը Տավուշի մարզի Չինարի գյուղ եղավ, որը դիրքերից հաշված մետրերի հեռավորության վրա է: Բնակիչները շատ զգացված էին այցելությունից: Մենք ոչ միայն լամպերը փոխեցինք, այլև հնարավորություն ունեցանք շփվել բնակիչների հետ: Զգացինք, որ ծրագիրը պահանջված է ոչ միայն էներգախնայողության տեսանկյունից, այլև հենց հոգեբանական առումով»,-ասաց նա:

«Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Լուսավոր սահման» նախագծի համակարգող Հովհաննես Կարապետյանի խոսքով, լամպերի մատակարարների հետ պայմանավորվածությունն այնպիսին է, որ եթե լուսադիոդային լամպը փչանում է այդ գյուղում, ապա մատակարարը պարտավոր է ապահովել լուսադիոդային լամպի փոխարինումը հենց այդ համայնքում:

«Այս նախաձեռնության նկատմամբ հասարակության շրջանում հետաքրքրությունը մեծ է: Նախաձեռնության համակիրների կողմից սոցիալական ցանցում ակտիվ շարժում սկսվեց, մեկը մյուսին «մարտահրավեր» էր նետում ծրագրին մասնակցելու համար»,-ասաց նա:

Բանախոսները նշեցին, որ գյուղերի փողոցային լուսավորությունը ևս կլինի նախաձեռնության օրակարգում:

Please share: