«Լուսավոր սահմանը» LED լամպերով է ապահովում Թալիշը

PanARMENIAN.Net — Փետրվարի 19-ը «Լուսավոր սահման» նախաձեռնության շրջանակներում նախատեսվել էր լուսավորել Արցախի Թալիշ սահմանամերձ բնակավայրը, որտեղ ապրիլյան դեպքերից հետո վերականգնման աշխատանքեր են իրականացվում: Կամավորական նախաձեռնության նպատակը սահմանամերձ բնակավայրը էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերով ապահովելն ու «Շտիգեն» ընկերության կողմից արևային ջրատաքացուցիչ տեղադրելն էր:

Այցի ընթացքում սահմանամերձ բնակավայրի զինվորական շտաբում տեղադրվել են լուսադիոդային լամպեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչ «Շտիգեն»-ի կողմից: Եվս 185 լամպ տրամադրվել է Թալիշի գյուղապետարանին՝ հետագայում դրանք ընտանիքներին փոխանցելու նպատակով:

Նախաձեռնության անդամներին այցի ամբողջ ընթացքում ուղեկցում էր Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Վերջինիս հետ քննարկվել են բնակավայրի վերականգնման վերաբերյալ մի շարք հարցեր: Այժմ ԼՂՀ կառավարությունը Թալիշի զարգացման ուղղությամբ լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում, որոնց ավարտից հետո այն կդառնա սահմանամերձ ամենաժամանակակից բնակավայրը:

«Լուսավոր սահման»-ը և «Շտիգեն» ընկերությունը հորդորում են այլ ընկերությունների իրենց ներդրումն ունենալ Թալիշի վերակառուցման գործում:

Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին:

«Լուսավոր սահման»-ն արդեն լուսավորել է Տավուշի սահմանամերձ վեց գյուղի ընտանիքների տներ: Կամավորական նախաձեռնության նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:

Please share: