Արցախի Մատաղիս գյուղը նույնպես լուսավորված է

Գյուղին ընդհանուր տրամադրվեց 925 լուսադիոդային լամպ: Ինչպես նախորդ այցելությանների ընթացքում, այս անգամ ևս նախաձեռնության անդամները հանդիպեցին համայնքի ղեկավարի և բնակիչների հետ, այցելեցին նրանց տներն ու տեղադրեցին լամպերը:

Ուղիղ մեկ տարի առաջ  հրետակոծության տակ գտնվող Մատաղիսն այժմ ոչ միայն վերականգնվում, այլև ծաղկում է: Մեկ տարի առաջ թշնամու ռմբակոծությունից  վիրավորված գյուղապետ Զավեն Անդրեասյանը, ով արդեն լիովին ապաքինվել է, նախաձեռնության անդամներին ներկայացրեց պատերազմից որոշ դրվագներ, ապա խոսեց գյուղացիների և գյուղի վերականգնման մասին:

«Ապրիլյան պատերազմի պայթյունից  տուժած տները, տանիքներն ու դպրոցն արդեն վերակառուցվել են: Թարթառ գետի վրա կառուցված երկու հիդրոէլեկտրակայաններն ու ձկնաբուծարանը, որոնք մի քանի տասնյակ աշխատատեղ են ապահովում, նույնպես արդեն գործում են: Մի խոսքով գյուղի կյանքը վերադառնում է իր բնականոն հունին»,- ասաց գյուղապետը։

Զավեն Անդրեասյանը նաև նշեց, որ պատերազմից հետո Մատաղիսում բնակիչների թիվը չի պակասել, ավելին՝ պատերազմից հետո Թալիշից շատ բնակիչներ  են ներգաղթել և հաստատվել այնտեղ: Ուշագրավ է, որ կան ներգաղթողներ նաև Երևանից, ովքեր արդեն մի քանի ամիս է ինչ բնակվում են Մատաղիսում:

«Լուսավոր Սահման»-ն արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասնմեկ գյուղերի տներ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21մլն. 423 հազար ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 10925 LED լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ: Նախաձեռնության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:

Նախաձեռնությունը բոլորին  կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով՝ https://goo.gl/P10RVn:

Please share: