Ավելի քան 1200 սահմանամերձ ընտանիքների LED լամպեր կտրամադրվեն



 «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագիրը հաղթող է ճանաչվել  Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ՔՀ Կամուրջ ծրագրի  շրջանակներում հայտարարված Նորարարության խրախուսման փոքր դրամաշնորհային ծրագրում։

Ավելի քան 200 հայտատու կազմակերպություններից դրամաշնորհի են արժանացել 12 նորարարական ու սոցիալական բաղադրիչներ պարունակող ծրագրեր։

ԷՀԳ Հիմնադրամի Գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի փոխանցմամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների 1200 ընտանիքներում կապիտալ ներդրում կատարել 6000 LED լամպերի տեսքով, ինչը շարունակական էներգախնայողություն կապահովի և կկրճատի մեր հայրենակիցների ամսական կոմունալ վճարումները։

Նախատեսված է նաև ստեղծել մեխանիզմ և գործիքակազմ նվիրատվություններ կազմակերպելու համար ուսանողական մարաթոն- մրցույթի միջոցով, որը կուղեկցվի էներգախնայողության մասին հատուկ դասընթացների շարքով և կանցկացվի 5 կրթական հաստատություններում, մրցակցային հիմունքներով։ Ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները ծրագրի ավարտին ևս 1000 ընտանիքների 5000 միավոր էներգախնայողության գործիք տրամադրելու համար՝ երկարաժամկետ խնայողության, ինչպես նաև կարողություների զարգացման և կյանքի որակի փոփոխության նպատակով։ 

Հայաստանը թիրախային է համարում մինչև 2020թ. էներգախնայողության մակարդակը հասցնել 37.6%-ի:

«Լուսավոր Սահման» ծրագրի գաղափարն ի սկզբանե նպատակ է ունեցել աջակցել պետական քաղաքականությանն ու իրականացված գործնական քայլերի ազդեցության շնորհիվ այսօր արդեն 27 համայնքներում ավելի քան 5000 ընտանիքների տրամադրվել է 25000 LED լամպեր, որի շնորհիվ միջին տարեկան խնայողությունը կազմում է ավելի քան 3,5 մլն կՎտժ էլեկտրական էներգիա:  

«Լուսավոր Սահման» նախաձեռնությունը  Գործակալության Համայնքներում աղքատության կրճատման նպատակի իրականացման ծրագրային ուղղղություններից մեկն է:  

Գործակալությունը «Լուսավոր Սահման» ծրագրի իրականացմամբ նպատակ ունի նոր մոտեցում դրսևորել սոցիալական խնդիրների լուծման հարցում և կապիտալ ներդրում կատարել, զարգացնել մարդկանց կարողությունները: Նման մասշտաբների և ուղղվածության ծրագիր Հայաստանում դեռևս չկա:

Դրամաշնորհն իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։

Please share: